ՇՈՒՆԸ ՏԻՐՈՋԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Լև Տոլստոյի բարեկամ` դաշնակահար Առնոլդ Գոլդենվեյզերը հայերիս համեմատում էր սարդերի մի տեսակի հետ, որոնք, իրար մոտ լինելով, ուտում են միմյանց, իսկ հեռվում` կարոտից սատկում։ Հայտնի է, որ Նժդեհն էլ իր ժամանակի թոհուբոհը բնորոշել է որպես «իրարակերություն»։ Այո՛, հաճախ մերոնք նմանվում են նաև գլադիատորների` երբ դու չես խփում, քեզ են խփում։ Եվ եթե հայերս երբևէ վերանանք, ապա միայն անհաշտության պատճառով...
Վեճ ենք սարքում նույնիսկ ամենապարզունակ հարցերի շուրջ։ Օրինակ, վերջերս «Ազատություն» ռադիոկայանով վերարծարծում էին թափառող շների վերաբերյալ «համլետյան» հարցը` «Լինե՞լ, թե՞ չլինել»։ Եվ ի՞նչ։
Առևտրի, սանիտարական և առողջապահության ոլորտների գործիչները պահանջում են որևէ կերպ մեկուսացնել շներին, գոնե ստերիլիզացնել` կանխելու համար հետագա բազմացումը։ Եվ նշում էին, որ դրանք տարեկան մոտ 2500 մարդու են կծում։ Մինչդեռ կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության ներկայացուցիչը վկայակոչում է քաղաքակիրթ երկրների փորձը, ըստ որի, պահանջվում է հատուկ տեղ հատկացնել, մեծավանդակներում պահել ու խնամք տանել։
Իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը բազմաթիվ տուժածների ահազանգերից ու դիմումներից «պաշտպանվում» էր, պատճառաբանելով, թե շների վերաբերյալ դեռ որևէ օրենք չի մշակված։ Եվ մխիթարում էր ունկնդիրներին, թե լավ է, որ գոնե ոհմակներն են վերացել։ Սակայն քաղաքապետարանի կամ ծառայողական մեքենայի պատուհանից չեն երևում ծայրամասերի ոհմակները, չեն լսվում Բանգլադեշի ոհմակների գիշերային անվերջանալի վայնասունները, որոնք խանգարում են երեխաների, հիվանդների քունը, ահաբեկում մարդկանց...
«Ազատություն» ռադիոյի նախորդ մի հաղորդումից իմացանք, որ Գյումրիում որոշ գումար է հատկացվել թափառական շներին ստերիլիզացնելու նպատակով։ Սակայն ընդդիմախոսը նշել էր, թե ոչ ոք այդպես էլ չտեսավ ստերիլիզացվածության տարբերանշանով` կարմիր ժապավենով զարդարված «էլեգանտ» տեսքով գեթ մեկ շուն։ Չէ՞ որ առանց որևէ նշանի կարող են շփոթել և կրկին ենթարկել միջամտության։ Ակնարկվեց նաև, որ այդ գումարները նպատակին չեն ծառայում...
Ի դեպ, ստերիլիզացված շունը չի բազմանում, սակայն ոչ պակաս է կծում, հաչում և աղտոտում միջավայրը... Շատերը հույս չունեն, որ շների մասին օրենքն ընդունելուց հետո դրությունը կլավանա, քանի որ ընդունված օրենքներն իսկ չեն կատարվում։ Օրինակ, չէ՞ որ մարդն ունի ապրելու իրավունք, պաշտպանվելու իրավունք, հարկ է վճարում մարդուն վայել, էկոլոգիապես անվտանգ միջավայրում ապրելու համար և այլն։ Սրանցից ո՞րն է իրագործվում և որքանո՞վ։ Եվ բավական է գեթ մեկը կատարել, որ շների մասին հատուկ օրենքի անհրաժեշտությունն ինքնըստինքյան վերանա։
Օրենք հասկացությունը Հայաստանում յուրովի է ընկալվում։ Մի օրինակ։ Վերջերս մեր պոլիկլինիկայում տեսա և ձեզ եմ ներկայացնում մի թռուցիկ, որը կոչ է անում խուսափել լայշմանիոզ հիվանդությունից, որի հիմնական աղբյուրը թափառող կենդանիներն են (շները)։ Կոչ է անում պայքարել այդ շների դեմ։ Վերջում գրված է. «Հիշե՛ք` դուք եք ձեր և ձեր երեխաների լավագույն պաշտպանը»։ Երիցս ճիշտ էր Ֆյոդոր Դոստոևսկին, որ ասում էր, թե ողջ տիեզերքը չարժե երեխայի մեկ արցունք։ Այո, ողջ տիեզերքը` թափառող շներով ներառյալ։ Սանէպիդկայանի այս կոչը ձևականություն է, քանզի ինչպե՞ս պայքարել` մահակո՞վ, քարո՞վ, թե՞ դանակով։
Մի՞թե այստեղ էլ «խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքում է»։ Նույնիսկ, եթե այդպես, բայց չէ՞ որ այս հարցում բնակչության մեջ ևս չկա միաբանություն։ Թափառող շները խանութպանների, պահակների, մեքենաների տերերի, շուրջօրյա նարդի, բլոտ խաղացողների սրտով են։ ՈՒստի պայքարը նման «կոալիցիայի» դեմ անհնարին է, մանավանդ եթե չկա օրենք։
Ըստ իս, կենդանիների հանդեպ դաժանությունն անթույլատրելի է։ Դեռ ավելին, հետևելով Լև Տոլստոյին, մոտ 40 տարի է` բուսակեր եմ, չեմ օգտագործում միս, ձուկ, ձու, ոչ մեկի «ձագին» չեմ ուտում... Ես ինչ-որ չափով համակերպվել եմ թափառող շների բազմությանը` սկսել եմ դանդաղ և զգույշ քայլել, մարզանք անել տանը, զրկվել եմ Երևանի «կապուտակ գիշերներից», արվեստագետին ոգեշնչող աստղազարդ երկնքի հրաշքից, երեկոյան համերգներից, նորմալ քնից և այլն։ Սակայն սա չէ ամենացավալին։ Սարսափելին այն է, երբ գայլացած շները կծում են երեխաներին, կամ երեխան շների պատճառով դպրոցի ճամփից հետ է դառնում տուն։ Զարմիկս լավ էր նվագում ջութակ, սակայն ընդհատեց ուսումը։ Հետագայում խոստովանեց, թե ուսուցիչը տանն էր պարապում, և ամեն անգամ մուտքի մոտ հավաքված շների պատճառով պատանին ուշանում էր, բայց լռում էր, որովհետև ամաչում էր, որ վախենում է...
Ոչ պակաս է թափառող շների հարուցած բարոյական վնասը` նման բարձիթողի վիճակը վառ կերպով արտացոլում է պետության և հասարակության բարոյական մակարդակը, օրենքի և մարդու իրավունքների հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Բեռնարդ Շոուն ասում էր. «Մարդը ճանաչվում է մանրուքներում»։ Երբեմն նույնը կարելի է ասել պետության և հասարակության մասին։ Սակայն շներն արդեն մանրուք չեն, այլ... գործոն։ Մի փոքրիկ դեպք։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի համայնքի նվիրել է մի տիպային մարզադաշտ, բայց շուտով շները պատառոտել են բետոնե հատակին սփռած լաթը։ Այժմ դաշտում ավելի շատ շներն են «մարզվում» ու հաղթում, քան երեխաները։ Էլ չեմ ասում, որ գիշերը Երևանի «տերերը» շներն են` առանց մեքենայի ոչ ոք չի համարձակվի տնից դուրս գալ։ Ջիվանին ողբում էր, որ «օձերն ու գորտերն են խմում» իր հայրենիքի ջուրը։
Աշուղն այսօր կավելացներ` «նաև շները»։ Ժամանակին Կուրսկ քաղաքում այնքան շատ էին հավերը, որ դարձել էին քաղաքի խորհրդանիշը։ Նույնիսկ քաղաքի անունն է բխել «ՍցՐՌՓՈ» բառից։ Նրանց բախտը բերել է, որ հավերը չեն կծում... Ակամա հիշում ես Էրեբունին զարդարող առյուծը, կամ Անիի հովազը...
Դաստիարակչական և գեղագիտական առումով էլ շատ տգեղ են երեխաների աչքերի առջև շնացող շների խաղերը... Ժամանակին նույն «Ազատություն» ռադիոկայանով իմ լավ բարեկամը` Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը, ոգևորված բացականչել է. «Հայաստանը կրկեսային երկիր է»։ Այո՛, 2000 տարի առաջ թատրոն ենք ունեցել, իսկ այսօր` կրկես, շոուներ, «աբսուրդի թատրոն», շներ և այլն։ Սովետի ժամանակ Հայաստանը քիմիայի առաջատար հանրապետություն էր, այսօր ավելի հզոր է, բայց «ալքիմիայի» բնագավառում։ Մերոնք ամեն ինչից կարող են ինչ-որ հրաշքով փող ստանալ` նույնիսկ թափառող շներից, որոնց հարցի լուծումը պատահական չէ, որ ձգձգում են։
Շների հարցի լուծումը կնպաստի նաև այն աղքատների բարգավաճմանը, որոնց ագրեսիվ շները չեն թողնում մոտենալ և աղբարկղերից որևէ սնունդ և այլ «արժեքներ» հայթայթել։ Բացի այդ, շներն այլևս աղբարկղերի պարունակությունը չեն ցրի փողոցներով մեկ...
Ինչ վերաբերում է շների հանդեպ «մարդասիրական» վերաբերմունք ցուցաբերող կազմակերպությունների և ֆոնդերի ներկայացուցիչներին, ապա կուզենայի, որ նրանք հիշեն նաև «ոնց էր համը իմ ձագի» հարցը` թե երբ են վերջին անգամ գառի, կովի, թռչնի միս կերել։ Ինչպե՞ս է, որ նրանք երեխաներին կծող, հիվանդություններ տարածող շներին ավելի շատ են խղճում, քան գառներին, կովերին... Չէ՞ որ շներին էլ ուտում են Չինաստանում, Կորեայում...
Տարօրինակ ժամանակներ ենք ապրում` մարդկանց չեն խղճում, իսկ շներին խղճում են։ Սիլվա Կապուտիկյանն ասում էր, թե կիրակի օրը Հայաստանից խաշի, սխտորի հոտ է գալիս։ Դա այն Հայաստանն է, որը հռոմեացի բանաստեղծ Տիբուլլոսը բնորոշել էր որպես բուրումնավետ։
Այսօր Հայաստանում օրվա մեծ մասը դղրդում են թուրքախառը ռաբիս երգն ու պարը, որոնց գումարվում են շների գիշերային անճոռնի «ռազբորկաները»... Խոսքս լավատեսական շեշտով ավարտելու համար կուզենայի հիշեցնել նախկինում տարածված «Հայկական ռադիոյի» մի անեկդոտ։ «Արդյոք շունը կարո՞ղ է ինֆարկտ ստանալ» հարցին ռադիոն պատասխանել է. «Անշուշտ, շունը կարող է ինֆարկտ ստանալ, եթե շան համար ստեղծեն մարդկային պայմաններ»...
Դանիել ԵՐԱԺԻՇՏ
Հ. Գ. Ըստ Նժդեհի` «Հայրենիքը պետք է սիրել անկախ ռեժիմից», ուստի «Ինչքան էլ սուր սիրտս խոցեն ճգնաժամի վերքերը մեր, էլի ես որբ ու թալանված իմ Հայաստան յարն եմ սիրում»։